Չինաստանի նախագահ Սի Ցզինպին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին վերադառնալ «միասնության եւ ներդաշնակության»: Այդ մասին նա հայտարարել է Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:
Ցզինպինի խոսքերով, տարածաշրջանային համագործակցությունը կարեւոր հիմք է Պարսից Ծոցի տարածաշրջանում բարգավաճման համար: Նա նշել է, որ Չինաստանն աջակցում է Պարսից Ծոցի եւ արաբական երկրների միջեւ համագործակցության խորհրդի ջանքերին՝ գտնելու «վեճերը եւ հակասությունները քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու ուղիներ՝ Պարսից Ծոցի եւ արաբական երկրների միջեւ միասնականության եւ ներդաշնակության վերականգնման համար»: «Չինաստանը պատրաստ է այսուհետ եւս շարունակել կառուցողական դեր խաղալ` Խորհրդի երկրների ցանկություններին համապատասխան», - ավելացրել է Ցզինպին:
Հանդես գալով լրագրողների առջեւ՝ Ցզինպին Ալ Թանիին անվանել է «հին ու լավ ընկեր»: Կատարի Էմիրը նշել է, որ ուրախ է, որ նման ընկեր ունի: «Մենք պատրաստ ենք ավելի շատ ներդրումներ կատարել Չինաստանում, ենթակառուցվածքներում կամ ցանկացած այլ ոլորտում, որոնք մեզ համար կարեւոր կհամարենք», - ասել է նա:
Անցյալ տարվա հոկտեմբերին պետական էներգետիկ հսկա Qatar Petroleum-ը հինգ տարի ժամկետով համաձայնագիր ստորագրեց Չինաստանին տարեկան 600 հազար տոննա հեղուկացված գազի մատակարարման մասին:
Ավելի վաղ, հունվարին Qatar Airways պետական ընկերությունը հայտարարել էր, որ ձեռք է բերել China Southern Airlines ավիաընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը, որպեսզի մուտք գործի արագ աճող չինական շուկա:





























