Չինաստանի դիվանագիտության առանցքային սկզբունքը բազմակողմանիությունն է, եւ նա կշարունակի պաշտպանել միջազգային կարգը՝ հիմնված բազմակողմ հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով չինական Նոր տարվա առիթով ընդունելությանը:

Նրա խոսքով՝ Չինաստանը մտադիր է շարունակել աշխատել մյուս երկրների հետ՝ գլոբալ խաղաղության եւ զարգացման հասնելու հարցում ՄԱԿ դերին աջակցելու նպատակով: «Չինաստանը մյուս բոլոր կողմերի հետ համագործակցությունը կխորացնի G20-ի, ԱԽՏՀ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի եւ այլ կառույցների շրջանակում՝ նպաստելու համար կայուն զարգացման ոլորտում եւ կլիմայի հարցերով Փարիզյան համաձայնագրի օրակարգի իրականացմանը, ինչպես նաեւ բազմակողմ համագործակցության միջոցով  մարտահրավերներին գլոբալ պատասխանների գործում իր ավանդը բերելու համար»,- նշել է նա:

Վան Ին նշել է, որ Պեկինը մտադիր է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի տոնակատարությունն օգտագործել Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բարձր մակարդակով ռազմավարական համակարգումն առաջ մղելու համար: «Մենք կհետեւենք Չինաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ ձեռք բերված կարեւոր կոնսենսուսին եւ ԱՄՆ-ի հետ կաշխատենք, որպեսզի պատշաճ կերպով հաղթահարենք  տարաձայնություններն ու վեճերը եւ պահպանենք հավատարմությունը չին-ամերիկյան հարաբերություններին, որոնք հիմնված են համակարգման, համագործակցության եւ կայունության վրա: Մենք կաշխատենք եվրոպական երկրների հետ, որ աջակցենք բազամակողմանիությանը եւ բարելավենք գլոբալ կառավարումը: Մենք կխորացնենք քաղաքական վստահությունը եւ գործնական համագործակցությունը մեր հարեւանների եւ ամբողջ զարգացող աշխարհի հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այս տարին կրիտիկական կլինի Կորեական թերակղզու միջուկային խնդրում բեկում մտցնելու համար: «Մենք կաշխատենք միջազգային հանրության հետ, որ աջակցենք Հյուսիսային Կորեային ապամիջուկայնացման նպատակին հասնելուն եւ ԱՄՆ-ին կոչ կանենք ցուցադրել նույն ուղղությամբ ընթանալու իր պատրաստակամությունը: Մենք հույս ունենք Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի նոր եւ կարեւոր արդյունքներ տեսնել»:

Վան Ին նշել է, որ Չինաստանն այսուհետեւ եւս կաջակցի իրանական միջուկային խնդրի Հանմատեղ եւ համապարփակ գործողությունների ծրագրին, միջնորդ հանդես կգա Ռաքհայնի խնդրի պատշաճ կարգավորման գործում, կառուցողական մասնակցություն կունենա Աֆղանստանում քաղաքական գործընթացին եւ անդուլ կաշխատի այնպիսի թեժ կետերի խնդիրների կարգավորման շուրջ, ինչպիսին են Սիրիան եւ Պաղեստինը: