Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել կապված Երեւանի քաղաքապետարանի դիմաց բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցածի հետ:
«Փետրվարի 28-ի կեսօրին նախկինում փողոցային առեւտրով զբաղվող 30-40 քաղաքացիներ հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ` խոչընդոտելով բնականոն աշխատանքը:
Նշված վայրում նախատեսված կարգով, իրենց լիազորությունների սահմաններում հասարակական կարգ ապահովող ոստիկանության ծառայողները քաղաքացիներին առաջարկել են իրենց դիմում-բողոքները ներկայացնել քաղաքապետարանի ընդունարան, ինչը նրանց կողմից մերժվել է:
Չնայած որոշ սադրիչների ուղղորդող հայտարարություններին եւ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու կոչերին` ոստիկանական կարգախմբերի եւ քաղաքացիների կողմից որեւէ բռնություն չի կիրառվել, ինչն ակնհայտ է մի շարք կայքերում տեղադրված տեսանյութերից:
Ժամը 15.00-ի սահմաններում հավաքված քաղաքացիները ցրվել են»:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից ցուցարարներին հրմշտելու հետեւանքով մի կին ընկել եւ կոտրել է ոտքը:


























