«Ժառանգությունը» որպես կուսակցություն գոյություն չունի, գործում է միայն այդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 1-ին հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Ժառանգություն» կուսակցություն գոյություն չունի, դուք տեսնում եք համանուն խմբակցության աշխատանքը, այն էլ ողջ ամողջ խմբակցության: Կան չորս հոգի, ովքեր լավ են աշխատում` Ստեփան Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան: Կուսակցությունը միայն այն չի, որ միայն օրենքներ է գրում»,-նշեց Բադալյանը:

Նա ընդգծեց, որ այդ կուսակցությունը բացարձակապես պասիվ է, եւ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում, մինչդեռ այլ ուժեր հանրահավաքներ են կազմակերպում, ծրագրեր են մշակում, միջկուսակցական պայմանագրեր են կնքում եւ այլ քայլեր կատարում: «Ժառանգությունն», ըստ Արմեն Բադալյանի, լիդեր-կուսակցություն էր, որը չկարողացավ դրսեւորել իրեն որպես այսպիսին:

«Ժառանգության» լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանը խախտեց քաղաքական գործչի հիմնական սկզբունքը`միշտ լինել հրապարակային: Սակայն նա 2007  թվականից հետո մեկ-երկու ելույթ ունեցավ եւ անհետացավ: Այ դրա համար էլ «Ժառանգությունը» չկայացավ որպես կուսակցություն, կայացավ որպես պատգամավորական խմբակցություն»,-նկատեց քաղտեխնոլոգը:

«Նույնը կարելի է ասել նաեւ ՕԵԿ-ի մասին, որը գոյություն չունի 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը «բացահայտ դավաճանեց իր ընտրազանգվածին եւ կրիտիկական պահին անցում կատարեց իշխանական ճամբար»:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերից մեկին` Ժողովրդական կուսակցությանը, ապա այն եւս, ըստ Բադալյանի, գոյություն չունի:

Տիգրան Կարապետյանը մի քանի հանրահավաքներ կազմակերպեց, եւ շատերին թվաց, թե  նրա ըմբոստ ելույթները կարող են որոշակի բողոքավոր զանգված պոկել Հայ ազգային կոնգրեսից: «Դա չհաջողվեց, քանի որ հասարակությունը շատ լավ գիտակցում է, որ Տիգրան Կարապետյանը իշխանություններին այլընտրանք չի հանդիսանում: Միայն խոսելը քիչ է»,-նկատեց Բադալյանը: Ժողովրդական կուսակցությունն, ըստ քաղտեխնոլոգի, եւս լիդերային կուսակցություն է, «բայց որի մեջ մարդ չկա»: