Երեւանի կենտրոնում ժամը 19-ին սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների բազմահազարանոց երթը, որը պետք է ավարտվի եռամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների վայրում՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Երթը գլխավորում են ՀԱԿ առաջնորդները: Երթն այս պահին անցել է Մաշտոցի պողոտայով: Ակցիայի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում` նաեւ պահանջելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Մոտենալով Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան խաչմերուկին, որտեղ զոհվել են 2008թ. մարտի 1-ի զոհերի մեծամասնությունը, նրանք դադարեցին վանկարկել եւ տխրահռչակ կամուրջն անցնում են լռելյայն:
Ցուցարարների շարասյունը մոտենալու է Մյասնիկյանի արձանին, որտեղ ծաղիկներ է դնելու, եւ ընդդիմության ակցիան ավարտվելու է:
Նշենք, ուղիղ երեք տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Ընդդիմությունը չճանաչեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր կազմակերպեց Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Կեսօրին մոտ տարերայնորեն Մյասնիկյանի արձանի մոտ էին հավաքվել հսկայական քանակությամբ ընդդիմության կողմնակիցներ, որոնք սպասելով ուժային գործողության իշխանությունների կողմից, կսեցին ավտոբուսներով բարիկադներ կառուցել:
Մարտի մեկի երեկոյան ժամը 21-ի սահմաններում իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ:





























