Համաշխարհային բանկի խմբի անդամ Զարգացման միջազգային ընկերակցությունը Հայաստանի խոշորագույն վարկատուն է։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։

Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թ. վերջում կազմել է 3,299 մլրդ դոլար, որից 35,2 տոկոսը բաժին է ընկնում Զարգացման միջազգային ընկերակցությանը (մոտ 1,1 մլրդ դոլար);

Երկրորդ խոշորագույն վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է՝  22,5 տոկոս մասնաբաժնով (մոտ 740 մլն դոլար):

Միջազգային մյուս կառույցներից Հայաստանին մեծածածավալ վարկեր է հատկացրել նաեւ Ասիական զարգացման բանկը, որին պարտք ենք 147 մլն դոլար (ընդհանուր պարտքի 4,4 տոկոսը):

Օտարերկրյա պետություններից Հայաստանի խոշորագույն վարկատուն Ռուսաստանն է՝ 500 մլն դոլար կամ ընդհանուր պարտքի 15,2 տոկոսը։ Հայաստանն այդ գումարը ստացել է 2009 թ.՝ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում։

Ռուսաստանից հետո մեր հաջորդ խոշորագույն վարկատուն Ճապոնիան է։ Այդ երկրին դեռ պարտք ենք 374 մլն դոլար (ընդհանուր պարտքի 11,3 տոկոսը)։ Պարտքը գոյացել է Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի պատճառով։

Խոշոր վարկատու է նաեւ Գերմանիան, որին պարտք ենք 133 մլն դոլար (ընդհանուրի 4 տոկոսը):

Ոչ մեծ պարտքեր ունենք նաեւ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։