Հայաստանի խորհրդարանն այսօր՝ մարտի 2-ին սկսել է օմբուդսմենի պաշտոնում թեկնածության հարցի քննարկումը։ Միակ հավակնորդը իշխող կուսակցության թեկնածու Կարեն Անդրեասյանն է։
Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Անդրեասյանը, մասնավորապես, ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր համար քաղաքացիներին անհատույց ծառայելն է։ «Օմբուդսմենի գրասենյակը պետք է որակով եւ ջերմ աշխատի։ Ես շահագրգռված եմ, որ դիմումները գրասենյակ շատ լինեն։ Մենք չպետք է հոգնենք քաղաքացիների դիմումներից, այլ պետք է ուրախ լինենք յուրաքանչյուր նամակի համար։ Դա կնշանակի, որ մարդիկ վստահում են օմբուդսմենին»,- ասաց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ ինքը պաշտպանելու է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու։ Անդրեասյանը նաեւ խոստացավ, որ չի ծառայի քաղաքական որոշակի շրջանակների եւ չի հայտնվի նրանց ազդեցության ներքո։
Պատգամավորները բազմաթիվ հարցեր ունեին Անդրեասայանին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն, օրինակ, հետաքրքրվեց, թե մարդու իրավունքների պաշտպանության հատկապես ո՞ր ոլորտում է առանձնացել Անդրեասյանը։ Վերջինս պատասխանեց, որ ինքը ուշադրությունը սեւեռել է հիմնականում ազատ խոսքի իրավունքի վրա։
ՀՅԴ պատգամավոր Արծվիիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է Անդրեասյանը գնահատում Հայաստանում քաղաքացիների ընտրական իրավունքի հետ կապված իրավիճակը։
Նշենք, որ օմբուդսմենի ընտրությունն այսօր խորհրդարանում կկայանա գաղտնի քվեարկությամբ։




























