Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իշխանությունները գրագետ քաղաքականություն են վարում: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ հայաստանը իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու ցանկացած ձեւաչափով երկխոսությանը, որոնք, սակայն, առայժմ չի կարելի բանակցություն անվանել: «Հիմա համապատասխան մթնոլորտ ստեղծելու աշխատանք է տարվում, եւ այս հնարավորությունից հրաժարվելը հնարավոր կլիներ գնահատել որպես սխալ»,- նշեց նա:
Նավասարդյանը վստահ է, որ մտահոգվելու անհրաժեշտություն չկա այն պատճառով, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ հանդիպումների ինտենսիվացումը կարող է լինել կարգավորման ինչ-որ մոդելի վկայություն, որը կառաջարկվի կողմերին: «Հասկանալի է, որ եթե այդ մոդելը Հայաստանի համար անընդունելի լինի, այն երբեք չի ընդունվի: Ուստի սա չի կարող որեւիցե մտավախություն առաջացնել»,- հավելեց փորձագետը:
Նրա պարզաբանմամբ՝ հայկական կողմի մոտեցման մեջ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: «Անկախ բանակցությունների ընթացքից՝ հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի անվտանգությունը: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարձակողական գործողությունների՝ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը:





























