Վարչապետի մեջ որոշ դեպքերում արթնանում են լրագրողական սովորություններ, եւ նա սկսում է արձագանքել մանր հարցերին։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Որոշ իրավիճակներում վարչապետի մեջ արթնանում են լրագրության հետ կապված որոշ սովորություններ, եւ նա փորձում է անմիջապես արձագանքել այս կամ այն կծոցներին, սակայն ցանկալի չէ, որ վարչապետը մանր հարցերին արձագանքի։ Ինչքան ինքն արձագանքի, այնքան լուրերը նետողները կհամարեն, որ արդյունավետ են աշխատում»,- ասաց նա։

Բորիս Նավասարդյանը շեշտեց՝ այս կամ այն ուժերը, հատկապես նրանք, որոնք կորցրել են քաղաքական իշխանությունները, փորձելու են վարկաբեկել իշխանություններին՝ «անկախ նրանից՝ վարկաբեկման արժանի ինչ-որ իրադարձություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ»։

«Հնարավորինս կպնել, կծել․ դա է քաղաքականությունը։ Նաեւ հիմքեր ունեցող քննադատության հետ մեկտեղ՝ մենք տեսնում ենք, այդպիսի մանր ու իմաստ չունեցող հրապարակումներ, որոնք, բացի նրանից, որ երկրորդական են, բայց նաեւ հիմքեր չունեն։ Սա միշտ լինելու է, կարծում եմ՝ խորանալու է՝ հաշվի առնելով այն ծրագրերը, որ ունեն փոփոխություններից իշխանություն կորցրած քաղաքական շրջանակները»,-նշեց նա։

Երեւանի մամուլի ակումբի նախագահը հավելեց նաեւ, որ վարչապետն ու նրա տիկին Աննա Հակոբյանը պետք է հաղորդակցվեն հասարակության հետ. «Հաշվի առնելով այն պաշտոնական դիրքը, որն ունի վարչապետը եւ առաջին տիկինը, նրանք հենց այդ պաշտոնական դիրքից ելնելով՝ պետք է հաղորդակցվեն հասարակության հետ, այլ ոչ թե գործեն այնպես, ինչպես կգործեին, օրինակ՝ երկու տարի առաջ»։