Հայաստանում սուպերվարչապետությունը պահպանվել է: Մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Ոստիկանությունը եւ Պետական եկամուտների կոմիտեն խորհրդարանին հաշվետու չեն լինի, վկայում է, որ Հայաստանի քաղաքացիներին մտահոգող շատ հարցեր պատգամավորները չեն կարողանա ուղղել այս կառույցների ներկայացուցիչներին:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարելով այն մասին, որ այս մարմինները չի օգտագործի անձնական նպատակներով, երաշխիքներ չի տալիս, որ նման դիրքորոշման կհետեւի պետության այն առաջնորդը, որը կգա նրանից հետո: Եթե Ոստիկանությունը, որը նրա ուղիղ ենթակայության տակ է, Ներքին գործերի նախարարություն լիներ, որը նաեւ Ազգային ժողովին է հաշվետու, հնարավոր կլիներ խոսել սուպերվարչապետության թուլացման մասին»,- նշեց նա:

Արմեն Բադալյանը շեշտեց, որ Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցում չկա ո՛չ հայեցակարգային մոտեցում, ո՛չ տրամաբանություն: «Իշխանությունները գնացել են մեխանիկական կրճատման եւ նախարարությունների միավորման ճանապարհով: Ըստ էության, իշխանությունները դիմել են այն փոփոխություններին, որոնք հենց իրենք առաջարկում էին դեռեւս 3 ամիս առաջ: Ընդ որում՝ փորձագետների կարծիքը հաշվի չի առնվել: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեին հանրային քննարկումները»,- եզրափակեց նա: