Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով NEWS.am-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Մարտի 8-ին ո՞ւմ եք առաջինը շնորհավորում եւ ինչպե՞ս, անակնկալներ մատուցո՞ւմ եք։

Առաջինը աղջկաս եմ շնորհավորում, մայրիկիս, քրոջս եւ այդպես շարունակ։ Անակնկալները Մարտի 8-ին անակնակալ չեն լինում, քանի որ կանանց կողմից սպասված են։ Թերեւս Մարտի 8-ին միակ անակնկալը կլինի այն, որ ոչինչ չանես, սակայն այդպես էլ չի լինի։ Շնորհավորում եմ ավանդական ձեւով՝ ծաղկեփնջեր, որը ես շատ գեղեցիկ եմ համարում, բայց որը անակնկալ չէ։ Բնականաբար Մարտի 8-ին ինչ էլ անի տղամարդը կնոջ համար, սպասելի է։ Ամենագեղեցիկ նվերը այս գեղեցիկ օրը ծաղկեփունջն է, կարելի է նաեւ օծանելիք, այլ նվերներ էլ կարելի է, բայց ծաղկեփունջը պարտադիր բաղադրիչ է։

Պարզե՞լ եք Ձեզ համար, թե ինչ է ուզում կինը։

Ես այս հարցի պատասխանը չունեմ, քանի որ կանայք շատ տարբեր են եւ տարբեր կանայք տարբեր բաներ են ուզում, բոլոր կանանց դնել նույն հարթության վրա եւ ասել, թե կանայք սա են ուզում, որ իրենց բավարարված զգան, ես չեմ կիսում այդ մոտեցումը։

Հայ տղամարդիկ կնամեծա՞ր են։

Ես կանանցից լսում եմ երբեմն, թե հայ տղամարդիկ կնամեծար չեն, սակայն ես պետք է պնդեմ, որ հայ տղամարդիկ կնամեծար են։

Հայաստանում կանայք պաշտպանվա՞ծ են։

Կանայք Հայաստանում պաշտպանված են, սակայն ոչ լիարժեք։ Ոչ լիարժեք նկատի ունեմ ընտանեկան բռնությունները, որոնք դեռ կան մեր երկրում։ Սակայն, այսօր պաշտպանված են բոլոր նրանք, որոնք գիտեն իրենց իրավունքները, այդ թվում՝ նաեւ կանայք։ Շատ դեպքերում մարզերում եւ նաեւ Երեւանում մենք հանդիպում ենք դեպքերի, երբ կանայք չգիտեն իրենց իրավունքները կամ ապրում են վախի մթնոլորտում։

Ի՞նչն է նյարդայնացում կանացի սովորություններ մեջ։

Նյարդայնացնում է ոչնչից մի մեծ պատմություն սարքելը, որը կանանց բնորոշ հատկություն է, կնոջ բաղադրիչ է։

Կնոջ մեջ ի՞նչն եք գնահատում։

Կնոջ մեջ խոհեմությունը եւ կանացիություն եմ գնահատում։ Երբեք չեմ ընդունել եւ չեմ ընդունի «տղամարդ կին» արտահայտությունը։ «Տղամարդ կին» ասվածը արդեն իսկ հակասություն է։ Կինը պետք է լինի կանացի եւ խելացի։ Իր խելացիության շնորհիվ լինի հնազանդ, բայց դա չի նշանակում լինել գլուխը կախ, ինչ ասեն, այդպես էլ անի, խելացի կինը կարող է այդ պահին նպատակահարմար գտնել եւ լռել, հետո իր ասածն առաջ տանել։

Ինչպե՞ս կշնորհավորեք կանանց, որ յուրահատուկ հնչի։

Շնորհավորանքի մեջ յուրահատուկ ոչինչ չկա։ Շնորհավորում եմ գեղեցիկի օրվա կապակցությամբ, քանի որ սա ոչ միայն գեղեցիկ օր է, այլ նաեւ գեղեցիկի օրն է։ Ինձ համար կանանց տոնը գեղեցիկի օրն է։ Կցանկանամ, որ անկախ տարիքից ու կարգավիճակից կանայք միշտ լինեն գեղեցիկ։