2018 թ.-ի ապրիլին տեղի ունեցած զանգվածային ցույցերին հանրության այլ շերտերի հետ միասին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև կրոնական տարբեր կազմակերպությունների անդամները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2018 թվականին» տարեկան զեկույցից:
«Դա հանրային կյանքին նրանց ինտեգրման լավ օրինակ էր։ Մինչ այդ կրոնական կազմակերպությունները մարգինալ վիճակում էին և իրենց հեռու էին պահում քաղաքական ու սոցիալական կյանքից»,- ասված է զեկույցում։
Իբրեւ այդ ակտիվության օրինակ՝ զեկույցում հիշատակվում է «Կյանքի խոսք» եկեղեցու ներկայացուցչի նշանակումը բարձր պաշտոնում․ «Մասնավորապես, մայիսին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ էր նշանակվել «Կյանքի խոսք» եկեղեցու ներկայացուցիչը։ Դա առաջին դեպքն էր, երբ Հայաստանում բողոքական եկեղեցու ներկայացուցիչը նման նման բարձր պաշտոնի էր նշանակվում, սակայն մոտ երկու ամիս անց նա հրաժարական ներկայացրեց»,- նշել է իրավապաշտպան կազմակերպությունը։





























