Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, որ կայանալու է մարտի 5-ին, Սոչիում:

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձեւաչափը թույլ կտա մոտեցնել երկու կողմերի դիրքորոշումները եւ ամրապնդել վստահության միջոցները, մարտի 3-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների աջակցությամբ բոլոր ջանքերը գործադրում է առաջընթացի հասնելու համար: 2010թ. երեք հանդիպում է կայացել եւ այդ հանդիպումները թույլ են տվել մոտեցնել կողմերի դիրքորոշումները»,- ասել է նա:

Նա նկատել է, որ Աստրախանում Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը սկզբունքային պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Սոչիում մարտի 5-ին կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքու կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: