Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հիշել է իր դժբախտ մանկությունը:
Նա Նյու Յորքում հասցրել է մասնակցել մի քանի միջոցառումների՝ այդ թվում ելույթ ունենալ Նյու Յորքի պետական համալսարանում գործող Լեւին ինստիտուտի կողմից կազմակերպված «Քաղաքակրթությունների դաշինք» անունով համաժողովին։ Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Էրդողանը համաժողովին ելույթ ունենալիս անդրադարձել է իր մանկությանը եւ նշել. «Ես շատ աղքատ մի ընտանիքում եմ մեծացել։ Մենք մեքենա չունեինք եւ այդ պատճառով ես դպրոց էի գնում ոտքով եւ քայլում էի մոտ 40 րոպե։ Այդ պատճառով կոշիկներս ծակվում էին եւ պոկվում, իսկ անձրեւից, ցեխից, ձմռան ցրտից ոտքերս կարմրում էին»:




























