Կառավարությունը պատրաստվում է լուրջ շրջադարձ կատարել իր կողմից տարվող տնտեսական քաղաքականության մեջ։ Շրջանառության մեջ է դրվելու իրավական մի փաստաթուղթ, որով վերահսկվելու են սոցիալապես կարեւոր մի շարք մթերքների գներ։ Սա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հայտարարությունն է Ազգային Ժողովում։

Առայժմ պարզ չէ, թե որոնք են համարվելու սոցիալական մթերքներ։ Ենթադրաբար՝ դա լինելու է հացը, ալյուրը, շաքարավազը, հնարավոր է՝ կաթնամթերքի որոշ տեսակներ։

Կառավարության գաղափարը հետեւյալն է՝ եթե կարեւոր մթերքների գները թռիչքաձեւ փոխվեն, ապա կառավարությունն իրավասու է լինելու 90 օրով ֆիքսել գները։

Հայտնի է, որ Հայաստանի ներկա կառավարությունն, ընդհանուր առմամբ, լիբերալ կողմնորոշում ունի։ Այն, ինչ առաջարկում է ֆինանսների նախարարը՝ հակադարձ համեմատական է լիբերալիզմի գաղափարախոսությանը։ Չմոռանանք, որ Հայաստանն արդեն գին ֆիքսելու մի անհաջող փորձ կատարել է, երբ 2009 թ. փորձում էին ֆիքսել դոլարի փոխարժեքը։ Սակայն դա անհաջող փորձ էր, իսկ հետեւանքները՝ բավական ծանր։ Քիչ հավանական է, որ պարենային ապրանքների գների ֆիքսումը նույնպես հաջողություն կունենա։ Ավելի հավանական է, որ ի հայտ կգա դեֆիցիտ, կվերածնվի խորհրդային տարիների ավանդույթը՝ «տակից» ապրանք վաճառելը։

Այլ բան է, որ կառավարությունը փորձի սանձել այն տնտեսվարողներին, որոնք պարզապես կփորձեն օգտվել առիթից եւ գերշահույթներ կորզելու նպատակով անհիմն բարձր գներ կսահմանեն։ Այդպիսի դեպքեր գրանցվել են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Օրինակ՝ արդեն հաստատվել է, որ Մեծ Բրիտանիայի սուպերմարկետները գերշահույթներ են ստանում պարենային ապրանքների գների անհիմն բարձրացումից։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում միշտ էլ բավական դժվար է եղել ապացուցել, որ տնտեսվարողները գերշահույթ են ստանում։ Հիշենք թեկուզ անցյալ տարի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անհաջող փորձը, երբ նրանք պարզապես ապարդյուն փորձեցին դեղատներին մեղադրել դեղերի անհիմն թանկացման մեջ։

Մենք գործնականում չունենք նախադեպ, երբ հարկային մարմինները խոշոր բիզնեսի ներկայացուցիչների գերշահույթները կարողանում են հարկել։ Գործող օրենսդրությունը դրա համար լիուլի բավական է, նոր օրենքներ ընդունելու կարիք չկա, սակայն հարկային վարչարարությունն ակնհայտորեն կաղում է։

Այնուամենայնիվ, ենթադրենք, որ կառավարությունն արգելում է սուպերմարկետներին՝ շաքարավազը վաճառել ավելի թանկ 360 դրամից։ Ի՞նչ տեղի կունենա; Թանկացող շաքարավազը կանհետանա սուպերմարկետներից ու կիրացվի բացառապես տոնավաճառներում, որտեղ գործնականում գնային վերահսկողություն հնարավոր չէ սահմանել։

Անշուշտ՝ գների անվերահսկելի աճի դեմ պետք է պայքարել։ Ներկա պահին մենք մոտենում ենք հիպերինֆլյացիային՝ 12-ամսյա գնաճն արդեն գերազանցում է 12 տոկոսը։ Մի շարք ապրանքների գծով մենք արդեն ունենք մոտ 30 տոկոս գնաճ, ինչը հանգիստ կարելի է կտրուկ համարել։ Բայց արդյոք կառավարությունը չի՞ փորձում գնաճի դեմ պայքարի իմիտացիա ստեղծել նման գաղափարներ շրջանառության մեջ նետելով։

 

Սամվել Ավագյան