Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված 15 կետից բաղկացած վերջնագիրը հուշում է, որ այն կազմվել է գունավոր հեղափոխությունների կենտրոններից մեկում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 4-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրան նման ենթադրության տեղիք է տվել այն, որ այդ հուշագրում առկա բոլոր գումարները ներկայացված են դոլարային տեսքով. «Հայաստանի նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար)»:
«Սա թույլ է տալիս մտածել առնվազն երկու հնարավոր տարբերակների մասին` կամ այդ 15 կետերը մշակվել են գունավոր հեղափոխությունների կենտրոններում եւ այդտեղից ուղարկվել են Հայաստան, կամ հակառակը` մշակվել են այստեղ եւ ուղղված են այդ գունավոր հեղափոխությունների կենտրոններին, ինչը վերջին հաշվով նույնն է»,- ասել է նա:
NEWS.am-ը Գագիկ Մինասյանին խնդրեց թվել գունավոր հեղափոխությունների` իրեն հայտնի կենտրոնները, ինչին նա արձագանքեց. «Ես դրանց հստակ տեղը չգիտեմ, բայց գիտեմ դրանց վայրագ գործողությունների հետեւանքները»:
Մյուս հարցին, թե եթե այդ հուշագրում գումարները դինարով կամ մանաթով ներկայացված լինեին, դա կնաշանակեր, որ հեղափոխությունների կենտրոնները Ադրբեջանում կամ Քուվեյթո՞ւմ են, Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժ, որը գործում է Հայաստանում եւ գործում է հայ ժողովրդի համար, բնականաբար իր ազգային դրամով պետք է իր արժեքները ներկայացնի, այն արժեքները, որոնք նա գտնում է, որ պետք է փոխհատուցվեն քաղաքացիներին: Հակառակն ուղղակի աբսուրդ է»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ իշխանությունների հետ վերջնագրերի լեզվով խոսել չի կարելի, եւ հավելեց, որ իշխանությունների հետ համագործակցության միակ տարբերակը երկխոսությունն է: «Մենք պատրաստ ենք երկխոսության, սակայն գործնական մակարդակով եւ իհարկե առանց վերջնագրերի»,-հայտարարեց նա:




























