Սերբական Farmakom MB ընկերությունը որոշել է ավտոմոբիլային մարտկոցների գործարան կառուցել Ադրբեջանում։ Այդ մասին հաղորդում է Trend-ը։
Այս լրատվության մեջ ուշագրավ է հետեւյալը։ Երեւանում արդեն մի քանի ամիս է՝ գործում է մարտկոցների արտադրության «Էլբատ» գործարանը՝ գերմանահայկական կապիտալով։ Այդ ներդրումների հաջողության հիմնական գրավականներից մեկն էլ այն էր, որ 1000 կմ շառավղով բարձրորակ մարտկոցների արտադրության մեկ այլ գործարան գոյություն չունի։ Հայկական գործարանի տարեկան հզորությունը 300 հազ. մարտկոց է, որի կեսը նախատեսված է արտահանման համար, հիմնականում՝ դեպի Իրան ու Վրաստան:
Սերբերի նախաձեռնությունը, այսպիսով, կարող է լուրջ մրցակցություն ստեղծել տարածաշրջանում։ Առավել եւս, որ ադրբեջանական գործարանի թողունակությունը նախատեսվում է տարեկան 1,5 մլն հատի սահմաններում:
Երեւանի «Էլբատ» գործարանի առեւտրային տնօրեն Դավիթ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում գործարանի կառուցումը լուրջ խոչընդոտ չի ստեղծի իրենց արտահանման ծրագրերի համար։ Ներկայում ընկերությունը պայմանագրեր ունի, որոնց հիման վրա էլ կազմակերպելու է արտահանումը։





























