Եթե անգամ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը պայմանավորվել են, թե հայ սպառողների համար ռուսական գազի գինն անփոփոխ է մնալու, դա ոչ երկարաժամկետ որոշում է, եւ այդ մասին է  վկայում «Գազպրոմ»-ի երեկվա հայտարարությունը, թե գազի գնի տարիֆների շուրջ հայկական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը կույր եւ խուլ չէ, հրաշալի հասկանում է, թե ինչ է կատարվում Հայաստանում: «Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանին գազ է վաճառում հազար խմ-ի համար 180 դոլարով, իսկ հայ սպառողները երկնագույն վառելիքը ստանում են երկու անգամ թանկ գներով: Ահա Ռուսաստանը կարող է ասել. ես ձեզ կվաճառեմ գազը 200 դոլարով, իսկ դուք այն պետք է վաճառեք 360 դոլարով»,- հայտարարել է Հովհաննիսյանը` նկատելով, որ «Գազպրոմի» հայտարարությունը վկայում է  այդ մասին:

«Գազպրոմն» ասում է, որ գազի սակագինը չի թանկանա հայ սպառողի համար, իսկ Հայաստանի՞ համար…»,-նշել է պատգամավորը: