Այս տարի գազի գնի թանկացում չի արձանագրվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 4-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ առավել անապահով խավերի համար նախատեսվում է սոցիալական փոխհատուցում` որոշակի քանակի գազի սպառման պարագայում:

Ասուլիսին ներկա մեկ այլ պատգամավոր` «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը հիշեցրեց, որ երեկ հայտարարությամբ է հանդես եկել «Գազպրոմի» ղեկավարությունն ու հայտարարել, թե բանակցություններ են ընթանում Հայաստանին վաճառվող գազի գնի շուրջ եւ վերջնական որեւէ գին առայժմ պարզված չէ: Խաչատրյանը նկատեց, թե Մինասյանի խոսքից հետեւում է, որ արդեն իսկ հայտնի է Հայաստանին վաճառվող գազի գինը: «Ես կարծում եմ, որ այդ բանակցությունները կգնան եւ կհանգեն նրան, ինչի մասին մենք արդեն ասել ենք, որ` գազի գինն այս տարի չի բարձրանա»,-գործընկերոջն արձագանքեց  Մինասյանը: Վարդան խաչատրյանը նկատեց, որ «Հայռուսգազարդը» զբաղվում է սպեկուլյացիայով, քանի որ սահմանին գազը գնում է մի գնով եւ այն մի քանի անգամ թանկ վաճառում է ՀՀ քաղաքացիների վրա:

«Հայռուսգազարդը», որը հսկա միավոր է` տարածված ամբողջ Հայաստանով, իրականացնում է սպեկուլյացիոն քաղաքականություն: Եւ երբ խոսվում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման մասին, ապա դրանց բոլորի մեջ գազի գինը մտած է»,-նկատեց Խաչատրյանը: