Հայաստանում արձանագրված գնաճը զսպելու նպատակով կառավարությունը մտադիր է կիրառել գնաճի զսպման մի քանի մեխանիզմներ, որոնք այլ երկրներում դրական արդյունք են տվել: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտրարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ մեխանիզմը օրենսդրական փոփոխություններն են, «որոնք թույլ են տալու սանձելու անբարեխիղճ գործարարների ձգտումները, ովքեր օգտվելով օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառներից բարձրացնում են գները»: Դրանցից առաջինը «Տնտեսական մրցակության պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ անցկացնելն է, որը կիրականացվի հաջորդ քառօրյայի ընթացքում»,-հայտարարեց Մինասյանը:
Երկրորդը` նոր օրենսդրական նախաձեռնություն է, որը կառավարությունն առաջիկա քառօրյայում կներկայացնի ԱԺ: Այդ օրենքի էությունն այն է, որ եթե առաջին անհրաժեշտության որեւէ ապրանքի գծով մեկ ամսվա ընթացքում 30 տոկոսի աճ է գրանցվում, ապա կառավարությանը տրվում է լիազորություն 90 օրվա ընթացքում ինքնուրույն սահմանել այդ ապրանքի գինը:
«Սա վերաբերում է այն ապրանքներին, որոնց բնագավառում ունենք անբարեխիղճ մրցակցություն: Կան սպեկուլյանտներ, որոնք իրենց գնային քաղաքականությունը իրականացնում են բիզնեսի օրենքներից դուրս»,-նկատեց Մինասյանը` հավելելով, որ օրենքի նպատակը որոշ անբարեխիղճ գործարարների` հարստանալու անզուսպ մոլցուցքը զսպելն է: Մինասյանի ընդդիմախոս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ նկատեց, թե դատելով այն հանգամանքից, որ հայաստանում օլիգարխները աստիճանաբար անցում են կատարում կոմպրադորականության դաշտ, դժվար է պատկերացնել, թե իրավիճակը հնարավոր կլինի վերահսկել օրինագծերով:
Նշենք, որ որոշ տնտեսագետներ մտավախություն են հայտնում, որ եթե կառավարությունը սկսի գներ ֆիքսել, դրա արդյունքում խանութներից կանհետանան այդ ապրանքները եւ կվաճառվեն տոնավաճառներում, կամ՝ տակից, ինչպես խորհրդային ժամանակներում:





























