Սեւանա լճի խնդիրների լուծման տեմպերը դեռեւս բավարար չեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 4-ին Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրած խորհրդակցությն ժամանակ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների եւ Հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը:
2010թ. նախանշված միջոցառումները, Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, իրականացվել են լիարժեքորեն եւ սահմանված ժամկետներում:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ լճի հետ կապված մի շարք հիմնախնդիրների, որոնք այսօր էլ արդիական են:
Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ կատարված աշխատանքը եւ որոշակի առաջընթացը մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաեւ Սեւան այցելող ցանկացած մարդու համար:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տրել Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին եւ նրա նախագահին, փոխվարչապետին, Բնապահպանության, Տրանսպորտի եւ կապի նախարարներին, Գեղարքունիքի մարզպետին եւ Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին:





























