ԵԱՀԿ Մինսկի համանախահագող երկրներ ԱՄՆ-ը  եւ Ֆրանսիան Ռուսաստանի վրա են դրել շփման գծում հրադադարի պահպանման պատասխանատվությունը: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերցրե՞լ է Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը եւ ի՞նչ կտա այն Հայաստանին:

Մանվել Սարգսյանը հիշեցրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն ընդամենը կազմակերպական առումով է ակտիվ, իսկ նախաձեռնողական առումով ակտիվ են Մինսկի խմբի բոլոր համանախագահները:

Փորձագետը նշեց, որ ԱՄՆը եւ Ֆրանսիան Ռուսաստանին են վերապահել շփման գծում հրադադարի պահպանման առաքելությունը`նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռուսներն ազդեցություն ունեն հակամարտող երկու երկրների զինված ուժերի վրա, զենք են մատակարարում, ուստի եւ կարող են կտրուկ պահանջներ առաջադրել: «Թերեւս դա է պատճառը, որ եռակողմ հանդիպումներում հիմնական թեման շփման գիծն է»,-նշեց փորձագետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

Նշենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը: