Վերջին ժամանակներս Բաքուն նոր մոտեցում է գտել իր ռազմական հռետորաբանությանը՝ հայտարարելով, որ միջազգային ոչ մի սկզբունք եւ իրավունք չեն կարող սահմանափակել Ադրբեջանի հնարավորությունը՝ վերկանգնել իր տարածքային ամբողջականությունը։ Մարտի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Զաքարյանի կարծիքով, սա առավել քաղաքակիրթ դարձած ռազմական հռետորաբանության մի մասն է, որի, էությունը, սակայն չի փոխվել։ Ընդ որում, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը չի սահմանափակվում միայն խոսքերով եւ շփման գծում բերում է զոհերի։
«Ադրբեջանցի դիվերսանտի համար այնպիսի հուղարկավորություն էին կազմակերպել, կարծես Ալիեւի երկրորդ թաղումը լիներ։ Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների»,- հայտնեց հանրապետական գործիչը:
Զաքարյանի կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ դիվերսիոն գործողությունները ուղղված են ոչ միայն ադրբեջանական հանրության ներսում տրամադրությունների պահպանմանը։ Ադրբեջանական կողմն այս կերպ փորձում է ստվեր գցել Հայաստանի վրա՝ շեշետելով, որ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:
Նշենք, որ փետրվարի 27-ից մարտի 5-ը Ադրբեջանն ավելի քան 240 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։





























