2011-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացված համապատասխանն ստուգումների եւ հայտնաբերված թերությունների արդյունքում կասեցվել են հայաստանյան երկու մասնավոր բուհերի լիցենզիաներ, եւս երկուսը միավորվել են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԳՆ լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանը։
«Դեռեւս անցած տարի իրականացրած ստուգումների արդյունքում փակվել էին 7 մասնավոր բուհեր, 6-ի գործունեությունը կասեցվել էր մասնակի։ Նույնը պատահեց նաեւ այս տարի։ Ստուգումների արդյունքում պարզվեց, որ մասնավոր բուհերից մի քանիսում առկա են լիցենզավորման կարգի լուրջ խախտումներ։ Ըստ այդմ, որոշվել է լիովին կասեցնել Հայաստանի Ավետարանչական համալսարան-հիմնադրամի եւ Երեւանում Գերմանական համալսարանի գործունեությունները, իսկ որոշ մասնագիտությունների գծով մասնակի կասեցնել Աճառյանի անվան եւ «Յու Էս Ի Էլ» համալսարանների գործունեությունը։ Բացի այդ, Լորիս Քալաշյանի եւ Թորոս Ռոսլինի անվան համալսարանները միացվել են «Հայբուսակ» համալսարանին»,- ասաց Մովսիսյանը։
Նշենք, որ 2010-2011 թվականին ԿԳ նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում Հայաստանում (բացի բժշկակակն բուհերից) գործունեություն են ծավալում 39 բուհեր, որոնցից 7-ը՝ մարզերում, 32-ը՝ Երեւանում։




























