Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո: Այս մասին նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությունը, ըստ որի հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին ադրբեջանցի երեխա է զոհվել:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ:
«Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլեւ ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար»,- ասել է Դ. Կարապետյանը:
Հարկ է նշել, որ Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության հորդորներին իրենց համաձայնությունը, այնինչ Ադրբեջանը շարունակում է դիպուկահարների միջոցով սադրանքներ իրականացնելու գործելակերպը:





























