ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Երևան թրավել» տուրիստական ընկերության վաճառքի գծով մենեջերին՝ քաղաքացիների գումարները յուրացնելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ընկերության վաճառքի գծով մենեջերին՝ Արմինե Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով այն բանի համար, որ վերջինս 2018 թվականի հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, կազմակերպության անունից ամրագրումեր է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում։
Դրանց դիմաց քաղաքացիներից կանխիկ և անկանխիկ եղանակով մաս-մաս ստացված, ընդհանուր առմամբ խոշոր չափի 9 միլիոն 610 հազար 515 դրամը հանելով տուրիստական կազմակերպության ֆոնդից, ընդգրկել է իր գույքային ֆոնդում՝ դիտավորությամբ յուրացնելով նշված գումարը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։
Արմինե Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նշենք, որ օրեր առաջ հիշյալ դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաև լրագրող Աննա Հայրապետյանը։
«Ապրիլի 20֊–ին Մաշտոցի 18 հասցեում տեղակայված Travelan տուրիստական գործակալությունից գնել ենք հանգստի ուղեգիր՝ (Եգիպտոս, Շարմ էլ Շեյխ, մայիսի 21֊30, 3 հոգու համար նախատեսված) վճարելով ամբողջ գումարը 531.000 դրամ...գումարի դիմաց կնքել ենք պայմանագիր և ստացել ստացական (կից՝ քոմենթում)...
Վաուչերը վերցնելու համար մի քանի անգամ զանգել եմ Travelan տուրիստականի տնօրեն, ինձ հետ պայմանագիր կնքած Anna Sahakyan֊ին, սակայն ապարդյուն...Երեկ մոտենալով գրասենյակ՝ պարզվեց, որ այն մի քանի օր է ինչ փակ է, իսկ գրասենյակի մուտքի առաջ հավաքվել էին մարդիկ, ովքեր ևս տուժել են այս «հավատ» ներշնչող, ժպտադեմ աղջկանից»,– գրել էր նա՝ նշելով, որ կնոջ գործողություններից այլ քաղաքացիներ ևս տուժել են»,–գրել էր նա։
Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանմամբ էր հանդես եկել տուրիստական ընկերությունը.
«2018 թվականի սեպտեմբերին մեզ հայտնի է դարձել, որ 2017 թվականի հոկտեմբերից «YEREVAN TRAVEL» տուրիստական ընկերությունում, որպես տուրմենեջեր գրանցված աշխատակցուհի՝ Աննա Նաիրիի Սահակյանը, իրականացրել է տուրիստական ծառայությունների վաճառք, ընկերության անունից, ընկերության դրամարկղ մուտքեր չանելով:
Նախնական տվյալներով, ընկերությանը հասցրած վնասի չափը անցնում է 10.000.000 / տասը միլիոն / ՀՀ դրամը, ինչի մասին մենք դիմում հաղորդում ենք ուղարկել 2018թ դեկտեմբերին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն»,– ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։


























