Թուրքական դատախազությունը տասնյակ քրեական գործեր է հարուցել՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ենթադրյալ խախտումների հետ։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին քաղաքապետի ընտրություններում պարտությունից հետո փորձում է վերադարձնել քաղաքի վերահսկողությունը։ Ընտրություններում հաղթել էր ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պահանջել է չեղյալ համարել ընտրությունները եւ Ստամբուլում նոր ընտրություններ նշանակել՝ վստահեցնելով, որ «կազմակերպված հանցավորությունն» է օգնել ամրագրել Իմամօղլուի հաղթանակը։

Այժմ իշխանությունները մտադիր են հարցաքննել ընտրական տեղամասերի ավելի քան 100 աշխատակիցների, որոնք 32 առանձին գործերում դիտարկվում են որպես կասկածյալներ։ Հետաքննությունը կենտրոնացած է Ստամբուլի երեք շրջանների վրա, որոնք քաղաքի ասիական մասում են։

Ստամբուլում քվեարկության մասին վեճերը նյարդայնացնում են առանց այն էլ անկայուն ֆինանսական շուկաները, քանի որ ներդրողներին անհանգստացնում է քաղաքական անկայունությունը։

Բարձրագույն ընտրական խորհուրդը դեռեւս ԱԶԿ-ի միջնորդությամբ ընտրությունները չեղյալ համարելու որոշում չի կայացրել։