Օրեր առաջ «Էրգենեկոն»-ի գործի հետաքննության շրջանակներում մեծ աղմուկով ձերբակալված թուրք լրագրող Ահմեդ Շըքի նամակին է պատասխանել Հրանտ Դինքի որդին։
Ահմեդ Շըքը բանտ տեղափոխվելուց հետո նամակ է գրել Հրանտ Դինքի որդուն՝ Արատ Դինքին. «Իմ եղբայր Արատ, երբ նորից հանդիպենք, դու կրկին ինձ հետ կողջագուրվես այնպես, ինչպես հայրիկիդ հետ էի ողջագուրվում»։
Այս նամակին Արատ Դինքը պատասխանել է. «Մի՞թե պետությունից պետք է իմանանք մեր թշնամիների անունները, կամ բարեկամների անունները նրանցից հարցնենք»։ Արատ Դինքն իր նամակն ավարտել է «Քո եղբայր» գրությամբ։
Նշենք, որ մարտի 3-ին թուրքական ոստիկանությունը «Էրգենեկոն»-ի գործի հետաքննության շրջանակներում խուզարկել է հայտնի լրագրողներ Milliyet-ի թղթակից, Հրանտ Դինքի սպանության մասին գիրք գրած Նեդիմ Շեների եւ «Էրգենեկոն»-ի դեմ գիրք գրած Ահմեդ Շըքի բնակարանները, որից հետո ձերբակալել են նրանց։ Ավելի ուշ դատարանը կալանման որոշում է կայացրել, եւ 2 լրագրողին էլ ուղարկել են բանտ։





























