«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Մեր բարձրաստիճան ոստիկանները վերջերս որոշել են հանդես գալ քաղաքական գործիչների կամ առնվազն` մեկնաբանների դերում: Եթե այդ գործը իրենց շատ է դուր գալիս, ապա, անշուշտ, իրենց իրավունքն է` թող պաշտպանեն իշխանությանը ընդդիմությունից կամ հակահեղափոխականներին` հեղափոխականներից: Միայն թե այդ դեպքում նրանք պետք է թողնեն իրենց ծառայությունը (ներառյալ տարբեր բիզնեսներին տանիք կանգնելը) եւ դառնան ազատ քաղաքացիներ:
Սակայն նրանք շարունակ խոսում են քաղաքական թեմաներով հենց իրենց ներկա` ոստիկանական կարգավիճակով: Այդպես էին վարվում թե’ Ռոբերտ Մելքոնյանը`«Կենտոնի» եթերում, թե’ Խաչատուր Ավետիսյանը` Հանրապետության հրապարակում, եւ վերջերս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` նույն վայրում: Այդ ոստիկանները գնահատում էին այս կամ այն քաղաքական ուժի վարքագիծը, որոշում էին` լա՞վ բան է հեղափոխությունը, թե՞ վատ: Այսինքն` մտնում էին իրենց իրավասություններից դուրս գտնվող ոլորտներ»:





























