ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հերթական անգամ շաղկապել է հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանում «Ժամանակակից Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելյան գործընթացների համատեքստում» թեմայով քննարկմանը Թանը հայտարարել է, որ եթե Իրանի եւ Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերություններում որոշակի առաջընթաց արձանագրվել է, ասենք վիզային ռեժիմի մեղմացման, առեւտրի եւ ապրանքաշրջանառության, ինչպես նաեւ այլ ոլորտներում, ապա Կիպրոսյան հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների առումով կարելի է պնդել հակառակը:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին Նամիկ Թանը պատասանեց, որ իր երկիրն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ ավելացնելով, թե անհրաժեշտ է կողմերի համար առավել ընդունելի լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հարցում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ՝ իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը զբաղեցրել է Ադրբեջանի 20 տոկոսը, ինչն անըդունելի է մեզ համար»,- նշել է դեսպանը:
Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հետագա ընթացքը կապելով Արցախյան հիմնահարցի հետ՝ Թուրքիայի դեսպանը մեջբերել է անգլերեն «տանգոն մենակ չեն պարում» թեւավոր խոսքերը` նկատի ունենալով այն, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի համար պատասխանատվությունն ընկնում է կողմերից յուրաքանչյուրի վրա:


























