Մալայզիայի իշխանությունները ժամանակավորապես ԱՄՆ-ին են արտահանձնել Goldman Sachs-ի նախկին գործադիր տնօրեն Ռոջեր Նգին՝ քրեական մեղադրանք ներկայացնելու համար՝ կապված պետական ներդրումային 1MDB ֆոնդի ենթադրվող բազմամիլիարդանոց թալանի հետ, տեղեկացնում է AP-ը։

Նգը, որը ձերբակալվել էր Մալայզիայում անցած տարվա նոյեմբերին, մեղադրվում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մալայզիայում։

Մալայզիայի գլխավոր դատախազ Թոմի Թոմասն ասել է, որ Մալայզիան համաձայնել է նրան հանձնել ԱՄՆ-ին մայիսի 3-ին, տասն ամսով, որպեսզի սկսվի դատավարություն։ Նրա խոսքով՝ Նգին կվերադարձնեն Մալայզիա մեղադրանք ներկայացնելու համար, հենց որ ավարտվի դատավարությունն ԱՄՆ-ում։

Մալայզիայի եւ ԱՄՆ դատախազները  պնդում են, որ 1MDB-ի համար Goldman Sachs-ի կազմակերպած պարտատոմսերի վաճառքը հնարավորություն է տվել երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին միլիարդներ գողանալ մի քանի տարում։