Մոտ ժամանակներս, հավանական է, Հայաստանում կրկին կխստացվի դրամավարկային քաղաքականությունը` բարձրացնելով տոկոսադրույքները:
Այս մասին մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:
Նրա խոսքով, գնաճի տեմպերի մեղմացում սպասվում է միայն 2011-ի երկրորդ եռամսյակից, իսկ մինչ այդ Կենտրոնական բանկը կիրականացնի դրամավարկային քաղաքականության խստացում:
Արթուր Ստեփանյանը նշեց նաեւ, որ FAO-ի ինդեքսը փետրվարին աճել է 6 տոկոսով: Սակայն վերջին իրադարձությունները միջազգային շուկայում ավելի շատ դրական են պարենային ապրանքների գների առումով, եւ սպասվում է գնաճային ճնշումների մեղմացում:
Ըստ Ստեփանյանի, բացի Կենտրոնական բանկից մյուս պատկան մարմինները եւս պետք է միջոցառումներ իրականացնեն գնաճը մեղմելու համար:
Նա այս առումով հատկապես կարեւորել է կառավարության վերջին որոշումը` օրենսդրական փոփոխություններ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ վարչական լծակներ կիրառել գները կարգավորելու համար:





























