Կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակի շրջանակներում մարտի 8-ից առ այսօր Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գինեկոլոգիական եւ վիրաբուժական վիրահատությունների է ենթարկվել արդեն 4 կին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Նրա խոսքով, մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվելիք ակցիայի շրջանակներում այս տարի նախատեսվում է գինեկոլոգիական եւ վիրաբուժական օգնություն տրամադրել շուրջ 100 կանանց։ «Ներկայումս հաշվառման է վերցվել գինեկոլոգիական խնդիրներով մեզ դիմած 26 կին, նրանցից 3-ն արդեն իսկ վիրահատվել են, վիրաբուժական միջամտության համար դիմել եւ գրանցվել է 10 կին, վիրահատել ենք նրանցից մեկի լեղապարկը»,- տեղեկացրեց Դալլաքյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ իրենց դիմած հարյուրավոր կանանցից աշխատում են ընտրել առավել անապահով խավի ներկայացուցիչներին։

Նրա խոսքով, քանի որ ակցիան կազմակերպվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից, աշխատում են 70/30 հարաբերակցությամբ նախապատվությունը տալ երեւանաբնակ կանանց։

Ամփոփելով՝ Դալլաքյանը հիշեցրեց, որ անցած տարի նույն  ծրագրի շրջանակներում իրենց բուժկենտրոնում անվճար վիրահատվել է 173 կին, ընդ որում՝ նրանցից 120-ը՝ Երեւանից, 53-ը՝ մարզերից։ «2010-ին ծրագրի իրականացման համար հատկացվել էր շուրջ 26 միլիոն դրամ։ Այս տարի՝ պայմանավորված ավելի քիչ թվով հիվանդներ ընդունելու հանգամանքով, գումարը, բնականաբար, ավելի փոքր կլինի»,- ասաց նա։

Նշենք, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա ակցիան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում իրականացվում է արդեն 5-րդ տարին։