Երեւանի կենդանաբանական այգու 70-ամյակի կապակցությամբ այս տարի ամռանը այգին կհամալրվի մի շարք նոր կենդանատեսակներով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը։
«Ներկայումս այդ ուղղությամբ մի քանի երկրների կենդանաբանական այգիների տնօրինությունների հետ բանակցություններ ենք վարում։ Բանակցությունների ավարտից հետո՝ ամենայն հավանականությամբ, ամռան վերջին կամ աշնան սկզբին մեր այգին նոր բնակիչներ կունենա։ Իսկ ընդհնարապես, դեռ անցած տարի կենդանաբանական այգի ենք բերել երկու տեսակի կապիկներ, այծեղջյուր, եղջերու եւ թռչող շնիկներ»,- տեղակացրեց Աբովյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ վերջին ամիսներին նաեւ մեծ թվով ձագուկներ են լույս աշխարհ եկել։
Նրա խոսքով, այգում, ընդհանուր առմամբ, 220 կենդանատեսակ է հաշվվում, ընդ որում, նրանց բոլորին սնունդով եւ կեցության մյուս պայմաններով ապահովելու համար Երեւանի քաղաքապետարանն ամսական շուրջ 10 մլն դրամ է հատկացնում։
Հարցին, թե կենդանաբանական այգու փիղն այս տարի՞ էլ շարունակելու է առանց զույգի մնալ, տնօրենը նկատեց, որ այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում։ «Թե որքանո՞վ դա մեզ կհաջողվի, չեմ կարող ասել. մեզ անընդհատ խաբում են»,- բացատրեց նա։
Ամփոփելով՝ Սահակ Աբովյանը տեղեկացրեց, որ այս տարի այգում 2-3 հարմարավետ նոր վանդակներ են կառուցվել, բացի այդ, մինչեւ կենդանաբանական այգու պաշտոնական բացումը՝ մայիսի 1-ը, մտադիր են վերանորոգել եւ ներկել նաեւ հները, փոխել ցուցանակները։
Նշենք, որ Երեւանի կենդանաբանական այգու մուտքը մինչեւ 6 տարեկան երեխաների համար անվճար է, մեծահասակների համար տոմսի արժեքը կազմում է 300 դրամ։




























