Թուրքիայի Մարդինի նահանգի Քըզըլթեփեյի շրջանում ամուսինն իմանալով, որ հիվանդանոց տեղափոխված իր կնոջը ներկարկում է իրականացրել տղամարդ բուժաշխատողը,  հարձակվել եւ ծեծել է նրան:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ`  Քըզըլթեթեյի պետական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք է տեղափոխվել մի կին, ում արագ ներարկում է իրականացրել տղամարդ բուժաշխատող Ջաֆեր Ջենգիզը:  Կնոջ փաստաթղթերը լրացնելու ժամանակ ամուսինը տեղեկացել է, որ տղամարդ է իր կնոջը ներարկում իրականացրել, խիստ կատաղել է:  «Ինչպե՞ս կարող է տղամարդը իմ կնոջը սրսկել»,-բղավել է խանդոտ ամուսինը եւ հարձակվել  բուժաշխատողի վրա` բռունցքի հարվածներ տեղալով նրա դեմքին: Կոլեգաները մի կերպ են Ջաֆեր Ջենգիզին ազատել խանդոտ ամուսնու բռնուցքների տարափից:

Հաջորդ օրը հիվանդանոցի գլխավոր բժիշկը մամուլի ասուլիս է կազմակերպում, որի ժամանակ հայտարարել է, թե բուժաշխատողները անպաշտպան են բռնության դեմ եւ նշել, որ իրենք դատական հայց են ներկայացնելու խանդոտ ամուսնու դեմ: