Թեոդոսիայում Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը կվերակառուցվի եւ կմեծացվի երկու անգամ: Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Ավելի վաղ ՌԴ պետական փորձաքննությունների մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պատկերասրահի շենքը կվերակառուցվի: Աշխատանքները կֆինանսավորվեն դաշնային եւ տարածարջանային բյուջեներից:

«Կվերակառուցվի այն համալիրը, որը կա… Երկու անգամ կմեծացվի պատկերասրահի տարածքը: Խնդիրը նկարները ցուցադրելն է, եւ ոչ թե դրանք պահեստում պահելը, այսինքն՝ պատկերասրահի տարածքը մեծացնելը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ակսենովը:

Նրա խոսքով՝ արդեն համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ քաղաքին պատկերասրահի մոտ գտնվող շինություններով հողերի փոխանցման հետ կապված: Ակսենովը նշել է, որ պատկերասրահը կմնա քաղաքի սեփականությունը: