Չինաստանի եւ ԱՄՆ ղեկավարներին հազիվ թե հաջողվի հասնել առաջընթացի առեւտրային տարաձայնություններում Ճապոնիայում հունիսին կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակում։ Այս մասին ասել է Չինաստանի ԿԲ նախկին նախագահ Դայ Սյանլունը, որը Չինաստանի Ազգային բանկը գլխավորել է 1995-2002 թվականներին եւ ազդեցիկ մարդ է Չինաստանում, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ եւ Չինաստանի առեւտրային անհամաձայնությունները երկարատեւ խնդիր են։ Նա նշել է, որ Չինաստանը գնացել է առեւտրային բանակցությունների ԱՄՆ-ի հետ՝ հիմնվելով հավասարության եւ համագործակցության սկզբունքների վրա, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը նախընտրել է «վախեցնելու» մոտեցումը եւ «Ամերիկան ամեն ինչից առաջ» կարգախոսը։ «Սրան դժվար է համակերպվել»,- ասել է նա։ «Ես ակնկալում եմ, որ Ճապոնիայում գալիք ամիս առաջնորդների հանդիպման ժամանակ դժվար կլինի հասնել զգալի առաջընթացի։
Դայը հավելել է, որ չինական յուանի ընթացիկ արժեզրկումը շուկայի կարճաժամկետ արձագանքն էր առեւտրային պատերազմին։ Նա նաեւ նշել է, որ ապագայում Չինաստանը կարող է պահել իր ֆոնդային շուկան 3000 կետից ավելի բարձր։
Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային լարվածությունը կտրուկ սրվել է մայիսի սկզբին այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը Չինաստանին մեղադրեց այն բանում, որ նա հրաժարվել է նախորդ խոստումներից՝ մտցնել կառուցվածքային փոփոխություններ տնտեսական գործելակերպում։
Ավելի ուշ Վաշինգտոնը 25 տոկոս լրացուցիչ տուրքեր մտցրեց 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ներմուծման վրա, ինչը ստիպեց Պեկինին պատասխան միջոցներ ձեռնարկել։
Թրամփը հայտարարեց, որ ծրագրում է հանդիպել Չինաստանի պաշտոնակցի հետ G20 գագաթաժողովում, որը տեղի կունենա հունիսի 28-29-ին Օսակայում, թեեւ Չինաստանը պաշտոնապես չի հաստատել հանդիպման մասին պայմանավորվածությունը։





























