Առաջին դեմքերի արարողակարգային գնումները փակ եղանակով անելը մի փոքր ռիսկային տարր է իր մեջ պարունակում: Այս մասին այսօր` հունիսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:
« Առաջին դեմքերի արարաողակարգային գնումները փակ եղանակով անելը մի փոքր ռիսկային տարր է իր մեջ պարունակում, քանի որ ընդհանուր առմամբ երբ որ մենք նայում ենք բոլոր մարմինների ներկայացուցչական ծախսեր ասեմ, արարողակարգային ծախսերը, դրանց տակ շատ բան կարելի է հասկանալ, կոնկրետ արարողակարգային ծախսերի տակ, եթե դրանք գաղտնի գնումների ձեւաչափով սկսվեն իրականացվել, ապա այդ դեպքում մի քիչ կասկած է առաջանում, թե գնումների որ մասը կտարվի դրանց տակ: Ընդհանուր առմամբ գնումների օրենսդրությունն ինքնին ենթադրում է թափանցիկության, հաշվետվողականության այս սկզբունքը եւ այս առումով նախագծի չընդունումը ենթադրում է, որ թափանցիկության եւ հաշվետվողականության առումով այս 3 մարմինները թերի կներկայացվեն»,- ասաց տիկին Բուռնազյանը:
ՀԿ նախագահը նշեց, որ իրենք կողմ են, որ այս գնումները հրապարակվեն, իսկ անվտանգության տարր պարունակելու դեպքում դրանք կարող են ներկայացվել ագրեգացված ցուցանիշներով` այսինքն օրինակ մեկ տարվա ընթացքում որոշակի թվով հյուրասիրություն է իրականացվել եւ այսքան գումար է ծախսվել:
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ 2017 թվականին, երբ գնումների գործընթացը փակ դարձավ, Նիկոլ Փաշինյանը լինելով ընդդիմադիր պատգամավոր քննադատում էր այն, սակայն իշխանության գալով, ավելի խորը մտածելով, հասկացան, որ պետք չէ քննադատել. «Բնականաբար ես չեմ լսել այն պատճառաբանությունը, թե ինչու էին այն ժամանակ քննադատում, իսկ հիմա չեն քննադատում, դա էլ հարց է»:
Նշենք, որ մայիսի 29-ին խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը լիագումար նիստի օրակարգ ներառելու հարցը: Այս նախագծով ընդդիմադիր խմբակցությունը փորձում էր ա անձանց, մասնավորապես` երկրի առաջին դեմքերի` նախագահի, վարչաապետի եւ ԱԺ նախագահի գնումները դարձնել թափանցիկ:





























