Եվրոպական Խորհրդարանը կարեւորում Է Հայաստանի հաստատակամությունը բարեփոխումների, թափանցիկությունը, ժողովրդավարությունը, դատաիրավական համակարգերը, մարդու իրավունքները բարելավելու հարցերում: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ եւ կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»,- ասել է նա:  Եժի Բուզեկի խոսքով` շատ կարեւոր է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վավերացումը: Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին` «Եվրանեսթ»-ին անդամակցելու համար: «Այսօր մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, եւ առաջին հանդիպումը կգումարվի մայիսին ԵԽ-ում: Հուսով ենք, որ մենք մայիսին կհանդիպենք նաեւ մայրաքաղաք Երեւանում, ինչը հնարավորություն կտա քննարկելու հարցեր` կապված ձեր տարածաշրջանի հետ»,- նշել է Եվրոպական Խորհրդարանի նախագահը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին` Տիգրան Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ եղել է շատ հստակ: Հայաստանը պատրաստ է եղել հարաբերությունները կարգավորել առանց որեւէ նախապայմանի: «Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նույնպես մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղ լուծումն այլընտրանք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեր գնահատմամբ, ընթանում է ճիշտ ուղղությամբ: «Եվրոնեսթ»-ի խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եւս հստակ է: Մենք շահագրգռված ենք, որ այդ կառույցը կայանա եւ մեր համոզմունքով` այն կխթանի եվրաինտեգրման ռեֆորմներն ու գործընթացները: