Օրեցօր վերահսկողությունից դուրս եկող գնաճի ֆոնին հարց է առաջանում, թե ի՞նչ է անում իշխանությունն այդ ուղղությամբ: Իշխանությունը, խոստովանենք, ինչ-որ բան անում է։ Օրինակ՝ կառավարությունը ներկայացրել է գների վարչական մեթոդներով կարգավորման օրենսդրական նախաձեռնություն, որն իր անկատարության պատճառով առաջացրել է նույնիսկ նվիրյալ իշխանամետների զարմանքը։
Սակայն որքանո՞վ արդարացված են կառավարության նման նախաձեռնությունները։ Մեր օրենսդրության համաձայն՝ գնաճի միակ պատասխանատուն Կենտրոնական բանկն է։ Չկա որեւէ պետական ծրագիր, որեւէ իրավական փաստաթուղթ, որտեղ կառավարությունը պարտավորություն ստանձներ գնաճը կարգավորելու։
Տարիներ առաջ Կենտրոնական բանկին արդեն զգուշացրել էինք, որ չի կարելի այնպիսի պարտավորություն ստանձնել, որ 100 տոկոսով ապահովել չես կարող։ Այսինքն՝ չես կարող միայն մոնետար լծակներով գնաճ վերահսկել, իսկ ԿԲ-ն այլ լծակներ չունի։ ԿԲ-ի չինովնիկները, հիմնվելով հիմնականում Արժույթի Միջազգային Հիմնադրամի հանձնարարականների վրա, բոլորիս վստահեցրին, որ կկիրառեն գնաճի կարգավորման ամենաժամանակակից լծակները, ու խնդիր չենք ունենա։
Հիմա համարյա ամեն մի ասուլիսի ժամանակ ԿԲ-ի ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ միայնակ չեն կարող պայքարել գնաճի դեմ։ Բայց եթե դա այդպես է՝ ուրեմն պետք է փոխել օրենսդրությունը, սկսած՝ Սահմանադրությունից; Պետք չէ ուրեմն ամեն տարի պետական բյուջեի մասին օրենքով հանձնարարականներ տալ ԿԲ-ին, որ նա միեւնույն է՝ չի կատարելու;
Այլապես՝ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարությանն են հանձնարարել գնաճի կարգավորման օրինագիծ մշակել, ու նրանք էլ ներկայացրել են ռուսական օրենսդրությունից պատճենահանված ինչ-որ փաստաթուղթ։ Իսկ ուրիշ ի՞նչ էինք ուզում՝ էկոնոմիկայի նախարարությունը երբեք չի զբաղվել գնաճի խնդիրներով, ու չգիտի էլ, թե ինչպես պետք է զբաղվել; Նրանք ընդամենը հանձնարարությունը կատարելու իմիտացիա են ստեղծել՝ քաջ գիտակցելով, որ դա իրենց խնդիրը չէ։ Նույնիսկ չեն ցանկացել հասկանալ, որ այն, ինչ հնարավոր է Ռուսաստանում, անիմաստ է կրկնել Հայաստանում։ Ռուսաստանն ունի համեմատաբար փակ շուկա, նրանց պարենային ինքնաբավության աստիճանը շատ մեծ է, ներմուծումներից առանձնապես մեծ կախվածություն չունեն։ Այդ պատճառով Ռուսաստանի կառավարութունը կարող է ներքին ռեսուրսների հաշվին գների կայունություն ապահովել՝ խստացնելով միայն վարչարարությունը։ Հայաստանն իրեն նման շքեղություն թույլ տալ չի կարող։ Ենթադրենք՝ ալյուրը միջազգային շուկայում 30 տոկոսով թանկանում է։ Այստեղ կամ պետք է թանկացնեն նույնպես 30 տոկոսով, կամ ընդհանրապես չներմուծեն՝ այլ տարբերակ չկա։
Գների կարգավորման այս շիլաշթոթը, կրկնում ենք, գալիս է մեր օրենսդրությունից։ Կամ այն պետք է արմատապես վերանայվի, կամ պետք է ԿԲ-ի չինովնիկները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ու Սահմանադրության պահանջները չկատարելու համար։ Որոովհետեւ քանի դեռ մենք մեր օրենքները հարգել չենք սովորել, որեւէ արդյունավետ պետական քաղաքականություն չենք կարող իրականացնել։
Սամվել Ավագյան





























