Վրաստանը չի կարող իր կորցրած տարածքները ուժով հետ վերադարձնել եւ ավելի լավ է տարածաշրջանում իրեն ցուցադրի որպես տնտեսական եւ ժողովրդավարական հաջող մոդել: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Դեսպանի կարծիքով, Վրաստանին զենք տրամադրելը ավելի կվնասի, քան կօգնի այդ երկրին, քանի որ դրանով ավելի կուժեղացնի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակչության անվստահությունը:
«Մեր կողմից նման դիրքորոշումը Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին դուր չի գա: Եթե մենք Վրաստանին ռազմական աջակցություն ցույց տանք, ռուսները, հնարավոր է, ակտիվորեն ընդդիմանան ամերիկյան կարեւոր ռազմավարական հետաքրքրություններին»,-ընդգծել է Ջոն Բայերլը:





























