Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է Sozcu եւ Ortadogu թերթերի դեմ ներկայացրած փոխհատուցման հայցերը:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Անկարայի քաղաքէացիական գործերով 13-րդ դատարանում քննարկվել է Sozcu-ի դեմ ներկայացված հայցը, որի արդյունքում դատարանը որոշել է, որ թերթը վիրավորել է Էրդողանի անձը եւ պարտավորեցրել վճարել 10 հազար լիրա (7 հազար դոլար) փոխհատուցում:
Մյուս թերթի` Ortadogu-ի դեմ Էրդողանի ներկայացված հայցը քննվել է Անկարայի քաղաքացիական գործերով 15-րդ դատարանում, որտեղ կրկին որոշումը եղել է ի օգուտ Թուրքիայի վարչապետի: Ortadogu-ն Էրդողանին կվճարի 2 հազար լիրա փոխհատուցում` անձնական վիրավորանք հասցնելու համար:
Նշենք, որ Էրդողանը մշտապես օգտագործում է ֆինանսական փոխհատուցման դատական հայցերը` մշտապես մեծ գումարներ պահանջելով:
Վերջին անգամ Էրդողանը շահել է Դիարբեքիրի քաղաքապետի դեմ ներկայացված հայցը եւ կստանա 30 հազար լիրա (20 հազար դոլար) փոխհատուցում: Դիարբեքիրի քաղաքապետը իր ելույթում Էրդողանին եւ նրա կառավարությանը հայտնի հայհոյանքով «հեռու» էր ուղարկել:




























