Թերթը գրում է, որ չինական Fortune Oil ընկերությունը պատրատվում է Հայաստանում 500 մլն դոլարի ներդրում կատարել: Հունվարին վերոնշյալ ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35 տոկոս մասնաբաժինը, որը տնօրինում է հայկական երկաթի երեք հանքավայր. դրանց հաստատված եւ նախնական գնահատված պաշարները կազմում են 1,83 մլրդ տոննա: Հանքերը գտնվում են Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սվարանձ գյուղում:
Հրազդանում շահագործվող հանքավայրը քաղաքից 800 մետր ու Հրազդան գետից 1,5 կմ հեռավորության վրա է: Հանքավայրը կարող է քաղաքի` ծանր մետաղներով աղտոտման եւ քաղաքացիների մեջ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Նախատեսվում է, որ Հրազդանի հանքավայրում հանքաքարի արդյունահանումը կսկսվի 2014 թվականին եւ կհասնի տարեկան 1,5-2 մլն տոննայի:
Ըստ շրջանառվող լուրերի` երեք հանքերը պատկանում են բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
Հանքավայրի շահագործմամբ հատկապես հարվածի տակ կհայտնվեն երեխաները: Հանքավայրից 2 կմ հեռավորության վրա կա 3 դպրոց: Բացի դրանից` հանքավայրի շահագործման հետեւանքով ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջուրը, քանի որ հանքավայրի հարեւանությամբ կան մի քանի աղբյուրներ, որոնցից օգտվում են քաղաքի հարյուրավոր բնակիչներ:
Բնապահպաններն անհանգստացած են, որ եթե հանքավայրի շահագործման ընթացքում սկսվեն պայթեցման աշխատանքներ, ապա քաղաքը կհայտնվի էկոլոգիական աղետի եզրին:
Դեռեւս երկու տարի առաջ բնակիչները ստորագրահավաք էին իրականացրել նախագծի դեմ: Ստորագրահավաքին մասնակցել էր 1500 մարդ: Խնդիրն այստեղ ոչ թե կազմակերպությունն է, այլ այն, թե տվյալ հանքն ինչպես պետք է շահագործվի, պետությունը որքան օգուտ կարող է ստանալ եւ արդյո՞ք հանքավայրի սեփականատերերը կատարելու են իրենց առջեւ դրված բոլոր պարտականությունները:





























