Հայ-ֆրանսիական համատեղ հուշագիրը, որը նպատակ ունի խթանել հայաստանյան դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցումը, դպրոցներին հնարավորություն է տալու ցանկության դեպքում որոշ առարկաներ դասավանդել ֆրանսերենով։ Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
«Գիտեք, որ մեր կրթական քաղաքականությունը դպրոցներին թույլ է տալիս դպրոցական բաղադրիչի հաշվին ընտրել դասաժամեր։ Ֆրանսերենի խորացված ուսուցման ցանկությամբ դպրոցները համապատասխան մանկավարժական կազմով համալրված լինելու դեպքում կարող են ընտրել պետական-կրթական չափորոշչին համապատասխան այն առարկաները՝ ֆրանսերեն լեզու, գրականություն, ֆրանսերենով այլ առարկաներ՝ որպես լրացուցիչ կրթության հնարավորություն։ Համաձայնագիրն աշխատելու է ՀՀ օրենսդրության շրջանակներում, կրթության եւ լեզվի մասին օրենքներին համապատասխան»,- հավաստիացրեց նախարարը։
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով է հայաստանյան դպրոցներում իրականացվելու ֆրանսերենի խորացված ուսուցման գործընթացը, Աշոտյանը պատասխանեց. «Իրականացվող միջոցառումները մի քանի խմբի են բաժանվում։ Դա, նախեւառաջ, ուսուցիչների վերապատրաստման խնդիրն է, որը կարող է լուծվել ինչպես Հայաստանում, այնպես էլ այն երկրներում, որտեղ ֆրանկոֆոնիայի շրջանակներում ստեղծված է համապատասխան ենթակառուցվածքային հենք՝ վերապատրաստումը կազմակերպելու համար։ Կարեւոր է նաեւ ֆրանսերենի դասագրքերի պատրաստման հարցը, դրանց ընտրությունը, կարծում եմ, հնարավոր կլինի կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ։ Մենք դեսպանատնից տեխնիակական աջակցություն եւս ակնկալելու ենք՝ լինգաֆոնային լսարաններ եւ այլն»:
Ասուլիսին ներկա Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր հերթին նկատեց, որ 6 շաբաթյա ժամկետով Հայաստան են ժամանել Ֆրանսիայում այլեւս չդասավանդող 12 կամավոր մասնագետներ, ովքեր կներգրավեն հայ ուսուցիչների վերապատրաստման գործընթացի մեջ։
«Նրանք Հայաստան կվերադառնան նաեւ աշնանը»,- տեղեկացրեց Ռենոն։
Նշենք, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր՝ մարտի 19-ին ստորագրեցին մի համաձայնագիր, որով նախատեսվոմ է սերտ համագործակցության միջոցով խթանել Հայատանում ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ապահովել ֆրանսերենի դասավանդման որակյալ մակարդակը։




























