2010թ.-ի ընթացքում բանկային համակարգի միջոցով Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտները կազմել են մոտ 1 մլրդ դոլար, 2009-ի համեմատ աճը կազմել է 8 տոկոս: Այս տարի, ենթադրություններ կան, որ տրանսֆերտների ծավալի աճն առավել զգալի կլինի, ու դրա համար հիմք է ծառայել ընթացիկ  տարվա երկուսուկես ամիսների ընթացքում արձանագրված փոխանցումների մեծ չափը, որը մասնագետները համեմատում են նախաճգնաժամային շրջանի հետ:

Բայց բանկերում տեղին են համարում նշել, որ մասնավոր տրանսֆերտների աճը եւս սեզոնային բնույթի ունի:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոխանցումների ծավալներն ավելանում են գարնանը, երբ արտագնա աշխատանքի մեկնողներն իրենց առաջին վաստակած գումարներն են ուղարկում, եւ տարեվերջին, երբ աշխատած ֆինանսական միջոցներն են ուղարկում եւ վերադառնում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայէկոնոմբանկի» Գյումրիի կառավարիչը:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների, արտերկիր մեկնողների մեծ թվին զուգահեռ, դրամական փոխանցումների ծավալներն այնքան էլ մեծ չեն: Իսկ դա բանկերում բացատրում են հետեւյալ կերպ.  Արտագնա աշխատանքի մեկնողները, ընդունող երկրներում  աստիճանաբար հաստատվելով` ոչ թե շարունակում են գումարներ ուղարկել, այլ կանչում են նաեւ իրենց հարազատներին: