«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն իր մարտի 16-ի հաղորդագրության մեջ խեղաթյուրված տեղեկություններ է ներկայացրել «Արմավիայի» վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան:
NEWS.am-ը հարցում էր ներկայացրել, թե քանի՞ ամսվա պարտք ունի «Արմավիան» «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Ըստ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի`«Արմավիան» երեք ամսվա կուտակած պարտք ունի: Սակայն, ինչպես նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտնել էր «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, ընկերության «պարտքը կուտակվել է մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում»: Ի դեպ, նա նաեւ հայտարարել էր, թե չի պատրաստվում մարել պարտքը:
NEWS.am-ի հաջորդ հարցը վերաբերում էր «Արմավիայի» սեփականատիրոջ դժգոհությանը, թե «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից օդանավակայանի սակագները 3 անգամ բարձր են Մոսկվայի եւ 2.5 անգամ բարձր Հռոմի օդանավակայանների սակագներից: Բաղդասարովի այս դժգոհության վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն պարզաբանել է, որ իր կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները սահմանվել են 2005 թվականին` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը եւ առ այսօր չեն փոփոխվել:
«Արմավիան» նշված բոլոր հարցերին պատասխանել է ընդամենը մեկ նախադասությամբ. «Զվարթնոց օդանավակայանը ներկայացրել է խեղաթյուրված փաստեր»: «Արմավիան», սակայն, այդպես էլ չի նշել, թե հատկապես ո՞ր փաստերն են խեղաթյուրված եւ ո՞րն է իրականությունը:





























