Այս տարի նախատեսվում է Ուկրաինայից եւ Ռուսաստանից ներկրել 2 հազար տոննա բարձր վերարտադրության գարու սերմացու, որը կտրամադրվի սահմանամերձ եւ լեռնային գոտիների գյուղացիական տնտեսություններին: Հանրապետություն է ներկրվելու նաեւ 62 տոննա եգիպտացորենի սերմնացու, որը կհատկացվի հյուսիսարեւելյան շրջանների բնակիչներին:
Ներկրվող սերմնացուները հիմնականում կտրամադրվեն այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ունեն 3000 քմ-ից ավելի հողակտորներ եւ նախորդ տարիներին այդ հողակտորները չեն մշակել, հացահատիկային որեւէ մշակաբույսով: Պայմանները եւս քննարկվել ու հաստատվել են: Մասնավորապես, տրամադրվող գարու դիմաց, գյուղացին պարտավոր է աշնանը վերադարձնել մեկին՝ մեկ հարաբերակցությամբ, ելնելով շուկայական արժեքից:Ինչ վերաբերում է տրամադրվող եգիպտացորենին, ապա բերքահավաքից հետո, ծրագրից օգտվողները պետք է վերադարձնեն, ոչ թե սերմն, այլ դրա կրկնապատիկը՝ դարձյալ գումարի տեսքով:
Շիրակի մարզի Աղինի համայնքապետ Գագիկ Հակոբյանի խոսքով, գյուղատնտեսությունը լուրջ ներդրումների կարիք ունի. «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մարզում սերմացուների գները բարձրացել են: Գարու արտադրությունը խթանելը լավ գաղափար է., սակայն միայն առաջին հայացքից , նախալեռնային գոտում գտնվող համայնքների հողատարածքների մեծ մասը անջրդի են: Բացի դրանից կա նաեւ մեկ այլ խնդիր, մտավախություն կա, որ գարու սերմնացուն մարզեր ուշացումով կհասնի, հետեւաբար գյուղացին դրանից օգտվել չի կարողանա: Նման նախադեպ անցյալ տարի եղավ մարզում, խոստացված ցորենի բարձրորակ սերմնացուն հասավ ուշացած, բացի դրանից ծրագրի պահանջներն էին շատ խիստ, այդ իսկ պատճառով էլ գյուղացիներից շատ քչերը օգտվեցին»,-ասում է Աղին համայնքի ղեկավարը:





























