Սիրիական իշխանությունները մարտի 18-ին ցրել են երկրի հարավում գտնվող Դերա քաղաքում կայացած հանրահավաքը: Ամբոխի վրա կրակել են մարտական փամփուշտներով, ինչի արդյունքում ակցիայի երեք մասնակից զոհվել է, հարյուրավորները վիրավորվել են: Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են նաեւ ուղղաթիռներ:
Ցուցարարները հանդես են եկել կառավարող Բաաս կուսակցության դեմ, որն արդեն գրեթե կես դար իշխանության ղեկին է: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են քաղաքական ազատություններ եւ պայքար կոռուպցիայի դեմ, գրում է Lenta.ru-ն:
Հանրահավաքին, որն սկսվել է ուրբաթօրյա աղոթքից հետո, մասնակցել է Դերայի 3-4 հազ. բնակիչ: Ավելի փոքրաթիվ ակցիաներ են անցկացվել եւս երկու քաղաքներում:
Այս տարի փետրվարին հաղորդվել էր, թե ինտերնետում Սիրիայի քաղաքացիներին ուղղված` Եգիպտոսի եւ Թունիսի օրինակով բողոքի դուրս գալու կոչերի արշավ էր սկսվել:





























