ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն հայտարարել է, որ Լիբիայի վրա հարձակումը նախատեսված է մարտի 19-ին։ Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ Լիբիայի վրա պատրաստ է հարձակվել մարտի 18-ին։
Արոյի խոսքով, այս անգամ գործողությունը նախատեսում են սկսել օրվա ընթացքում՝ Փարիզում կայանալիք գագաթաժողովից ժամեր անց, որի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն Լիբիայի հանդեպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, գրում է Lenta.ru-ն։
Արոն հայտնել է, որ այդ հանդիպումը «հաջող պահ կլինի» վերջնագիր ներկայացնել Լիբիայի իշխանություններին՝ դադարեցնել ապստամբների դեմ մարտական գործողությունները։
Ֆրանսիացի դիվանագետի խոսքով, այդ վերջնագիրը սատարում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից նախաձեռնված գագաթաժողովին կմասնակցեն ԵՄ ղեկավարության, Արաբական երկրների լիգայի, Աֆրիկական միության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը։
Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մարտի 18-ի գիշերն ընդունած բանաձեւի՝ միջազգային հանրությունն իրեն իրավունք է վերապահել Լիբիայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար դիմել ցանկացած միջոցի՝ բացի ցամաքային հարձակումից։ Դրանից հետո Մուամար Քադաֆիի կառավարությունը հայտարարել էր կրակի դադարեցման մասին։
Սակայն ապստամբները հայտարարում են, որ Քադաֆին խաբում է եւ ճնշումներն իրականում շարունակվում են։





























