Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Բրազիլիա այցի դեմ բողոքող ցուցարարներին: Ամբոխի դեմ օգտագործել են ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Նշվում է, որ Օբամայի այցի նախօրեին մոտ 300 ցուցարար է հավաքվել ԱՄՆ հյուպատոսության մոտ: Ոստիկանությունը ուժ է սկսել կիառել, երբ ցուցարարները հյուպատոսության վրա հրավառ հեղուկով շշեր են նետել:
ԱՄՆ նախագահի այցը նախատեսվում է մարտի 19-ին: Օբաման չեղյալ է համարել իր ելույթը, որով մտադիր էր հանդես գալ քաղաքի հրապարակներից մեկում:
ԱՄՆ նախագահի այցի նախաշեմին, որի ժամանակ ծրագրվում է հանդիպում Բրազիլիայի նախագահի հետ, մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել բողոքի դուրս գալու կոչով` ի նշան ԱՄՆ արտաքին քաղաքականությունից իրենց դժգոհության:




























